Իրանի արտգործնախարարի խոսքով, հրապարակված մանրամասները չեն համապատասխանում փակ դռների հետևում ձեռքբերված համաձայնություններին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ համաձայնությունը կյանքի ընթացքում մեկ անգամ տրվող հնարավորություն է: Նա նշել է, որ համաձայնությունները կանխում են միջուկային զենք ստեղծելու Իրանի ծրագրերի զարգացումը և անվտանգություն հաստատում Մերձավոր Արևելքում: «Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք իրականացնել դիվանագիտական լուծումը, որը նոր փուլ կբացի ԱՄՆ-Իրան հարաբերություններում, ժամանակի ընթացքում նոր էջ կբացի Իրանի և հարևանների հետ հարաբերություններում», - նշել է ԱՄՆ-ի նախագահը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուրբաթ օրն ասել է, որ հարցի լուծումը համապատասխանում է Իրանի ազգային շահերին և համաձայնությունները գնահատել է որպես պրագմատիկ և իր վարչակազմի հաղթանակ:
Համաձայնություններից ամենաանհանգստացած երկիրը Իսրայելն է: Օբաման իր հարցազրույցում ասել է, որ Իսրայելը իրավունք ունի մտահոգվել Իրանի միջուկային ծրագրերով, բայց և ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտպանությունը անսասան է: Ամերիկյան կողմը հրապարակել է համաձայնագրի նախնական տարբերակը, որում նշված է, որ Իրանը համաձայնել է 15 տարի չկառուցել ուրանի հարստացման նոր ձեռնարկություններ, Իրանը 10 տարի պետք է ուրան հարստացնի միայն «Նաթանս» ձեռնարկությունում, միայն խաղաղ նպատակներով օգտագործելու համար:
ԱՄՆ-ը պնդում է, որ ատոմային միջազգային գործակալության տեսուչները կարող են ստուգումներ իրականացնել Իրանի ցանկացած օբյեկտում:
Իրանի արտգործնախարար Մահմուդ Ջավադ Զարիֆին ասել է, որ հրապարակված մանրամասները չեն համապատասխանում փակ դռների հետևում ձեռքբերված համաձայնություններին: «Ամերիկացիները այդ փաստաթղթում գրել են այն, ինչ իրենք են ցանկացել: Ես այդ մասին ասել եմ նաև պետքարտուղար Ջոն Քերիին»,- «Ֆարս» գործակալության փոխանցմամբ ասել է Զարիֆին: Ըստ իրանական կողմի, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները անհապաղ և ամբողջովին վերացվում են: Ամերիկյան տարբերակով պատժամիջոցները վերացվում են քայլ առ քայլ՝ կախված նրանից, թե Թեհրանը ինչպես է կատարում ստանձնած պարտավորությունները:
Հիմա արդեն կանխատեսումներ են արվում, թե միջազգային շուկայի վրա ինչ ազդեցություն կունենա Իրանի պատժամիջոցների վերացումը: Հատկապես էներգետիկ շուկայի համար փորձագետները կանխատեսում են հնարավոր հետևանքները․ նավթի գինն ավելի կընկնի: Միայն լուրը, որ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են հանվել, նավթի գինը կարճ ժամանակով գցեց 4 տոկոսով: «Բլումբերգ»-ի հաշվարկով, իրանական նավթի արտահանման դեպքում մեկ բարելի գինը կընկնի 10 դոլարով: Ընդհանրացնելով մի շարք կանխատեսումներ՝ բարելի միջին գինը կանխատեսվում է 50 դոլարից ցածր: Փորձագետները նշում են, որ Իրանը միանգամից չի մտնի էներգետիկ շուկա, դա տեղի կունենա աստիճանաբար: Սակայն ցնցումներ հնարավոր են համարվում հունիսի 30-ի սահմաններում, երբ, ինչպես նախանշված է, հայտարարվի վերջնական համաձայնության մասին: